ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հանձնաժողովի պատվավոր անդամները մրցույթի անաչառ, արդար և թափանցիկ արդյունքների երաշխավորներն են:
Սերգեյ Եկիմով
Ռուսաստան
Կոմպոզիտոր, դիրիժոր
Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի դասախոս, կոմպոզիտորական և դիրիժորական բաժինների դեկան:
Ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ երգչախմբային դիրիժորի մասնագիտությամբ (Ֆ. Կոզլովի և Վ. Ուսպենսկու դասարանները) միաժամանակ սովորել է կոմպոզիցիա Ե. Ֆալիկի դասարանում։ 2004 թվականից Ռուսաստանի կոմպոզիտորների միության անդամ է։
1993-2009 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ միության կամերային երիտասարդական երգչախմբի ղեկավար։ 2000-2022 թվականներին՝ Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական քոլեջի կանանց երգչախմբի ղեկավար։ Տարիների ընթացքում անսամբլը արժանացել է 19 գրան պրի միջազգային և համառուսական մրցանակների, մասնակցել հեղինակավոր երաժշտական նախագծերի, ձայնագրել է մի շարք ձայնասկավառակներ, հյուրախաղերով եղել է եվրոպական շատ երկրներում։ 2005 թվականից «Երգող աշխարհ» երգչախմբային արվեստի խոշորագույն միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։ 2011թ.-ից՝ Սանկտ Պետերբուրգի մշակույթի ինստիտուտի դասախոս և ինստիտուտի Համերգային երգչախմբի ղեկավար: 2020 թվականից Կոնսերվատորիայի երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է, որը նրա ղեկավարությամբ արժանացել է Համառուսական երգչախմբային փառատոնի առաջին մրցանակի։
Նրա ստեղծագործությունները հնչում են Ռուսաստանում և արտերկրում՝ Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Ուկրաինայում, Հայաստանում, Բելառուսում, Լեհաստանում, Հունգարիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, Չինաստանում, Թայվանում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում։