Իմ ճանապարհն անվերջ որոնելու, սովորելու ճանապարհ է և առ այսօր...
1956-1960 թթ. սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան)։ 1960-1965 թթ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ 1967 թ.-ին ավարտել է ասպիրանտուրան։
1967-1986 թթ. դասավանդել է ժամանակակից երաժշտության տեսություն կոնսերվատորիայում։
1986 թ.-ին Մանսուրյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում։
1992-1995 թթ. զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը։
Մարդը հարուստ է իր արմատներով: Այդ դեպքում մեր թռիչքը բարձր է, բովանդակալի...
Մանսուրյանի երաժշտությունը հայոց լեզվի, պատմության, գրականության, մի ամբողջ ազգի ճակատագրի հավաքականությունն է:
Կոմպոզիտորը ծնվել է 1939թ.-ի հունվարի 27-ին Բեյրութում: Հայրենի հողից հեռու, սակայն, ծնողները կարողացել են հավատարիմ մնալ հայոց լեզվին ու պատմությանը, և 1940-ականների վերջին ընտանիքով վերադարձել են Հայաստան: Այստեղ է, որ 9 տարեկան Մանսուրյանը ծանոթացել է մեսրոպյան գրերին, իսկ 13-14 տարեկանում ինքնուրույն սկսել է ուսումնասիրել երաժշտությունը:
Մոլեգին ուժով և սիրով կապվել եմ երաժշտությանը...
Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ և գեղագիտություն է ներմուծել Հայաստան։ Նրա ստեղծագործությունը հայ ժամանակակից երաժշտության խոշորագույն և ամենահետաքրքիր երևույթներից է, 20-րդ դարի համաեվրոպական երաժշտության նվաճումների և ազգային երաժշտական մշակույթի ավանդույթների միաձուլման լավագույն օրինակ:
Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և աշխարհի տարբեր քաղաքներում: 2004 թ. և 2017 թ. առաջադրվել է հեղինակավոր
Գրեմմի մրցանակի:
Մանսուրյանը ստեղծագործում է տարբեր ժանրերում` սիմֆոնիկ երկեր, վոկալ- գործիքային, հոգևոր երկեր, կոնցերտներ, կամերային երկեր, վոկալ շարքեր, խմբերգեր, կինոյի երաժշտություն և այլն: